Իջևանում տղաները բռնաբարել են 3 մանկահասակ երեխաների 24-ամյա մորը

2273 դիտում
Հրապարակվել է : 2017-May-21

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահագն Ա.-ի, Անդրանիկ Ի.-ի և Արարատ Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Երեք ամբաստանյալներից երկուսը՝ Վահագնն ու Արարատը, մեղսագրված արարքի կատարման ժամանակ անչափահաս էին:

Տղաներին ի սկզբանե առաջադրված էին ծանր մեղադրանքներ՝ բռնաբարություն և բռնաբարության փորձ:

Ըստ սկզբնական մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Վահագն Ա.-ն Իջևանի ավագ դպրոցին հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինությունում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Մարիաննա Հ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Երկու օր անց՝ հուլիսի 23-ի գիշերը, նույն շինությունում Վահագնը, Անդրանիկը, Արարատը դարձյալ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն են ունեցել նույն կնոջ՝ Մարիաննայի հետ:

Եվս երկու օր անց՝ հուլիսի 25-ի գիշերը, Վահագնը, Արարատը, Անդրանիկը նույն շինությունում դարձյալ բռնության գործադրումով փորձել են նույն կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալ, սակայն այդ պահին հայտնվել է մի մարդ, ով դիտողություն է արել, ամոթանք է տվել, տղաները հեռացել են, Մարիաննան էլ դիմել է փախուստի…

2016 թվականի հուլիսի 13-ին երեք տղաներին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրանք մեղադրվել են միայն մեկ դրվագով՝ բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մի քանի դրվագով անչափահաս ու չափահաս տղաների կողմից «բռնաբարված-չբռնաբարված» 24-ամյա Մարիաննան միայնակ մայր է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան:

Գործի քննության ընթացքում, երբ չեն հաստատվել բռնաբարության դրվագները, Մարիաննա Հ.-ն մեղադրվել է 4 դրվագ սուտ մատնություն կատարելու համար: Բոլոր սուտ հաղորդումներն էլ եղել են բռնաբարության վերաբերյալ:

Հաստատվել է, որ այդ չորս դրվագներով Մարիաննան չի բռնաբարվել, իսկ եթե սեռական հարաբերություններ ունեցել է տարբեր տարիքի տղամարդկանց հետ, ապա՝ իր կամքով, դրա համար նրան բռնության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել…

Նույն՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարիաննա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր չորս դրվագներով:

Դատարանը հաշվի է առել, որ Մարիաննայի խնամքին են 2011, 2014, 2016 թվականներին ծնված մանկահասակ երեխաները: Մարիաննան, ըստ դատական ակտի, մանկուց հաշմանդամ է, տառապում է գլխուղեղի որոշակի ախտահարմամբ, ունի մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ:

Եվ նման հանգամանքների առկայությամբ՝ նա ոչ միայն երեք մանկահասակ երեխաների խնամքն է կրում իր ուսերին, այլև իրավապահներին պարբերաբար տեղեկացնում է իր «սեռական ազատ կյանքի» դրվագների մասին՝ դրանք ներկայացնելով որպես բռնության գործադրման դեպքեր, որոնք քննության առարկա են դառնում…

Մարիաննա Հ.-ին դատարանը մեղավոր է ճանաչել մի քանի դրվագով սուտ մատնություն կատարելու համար:

Մարիաննան վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս ամենով հանդերձ՝ երեք տղաները՝ Վահագնը, Անդրանիկը, Արարատը, շարունակել են մեղադրվել Մարիաննայի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվելու ընթացքում, անազատության մեջ չգտնվող անչափահաս ամբաստանյալ Վահագնը կատարել է մեկ այլ հանցավոր արարք՝ գողություն, որի համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման, դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել է փորձաշրջան:

Բռնաբարության փորձի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի փետրվարի 14-ի արդարացման դատավճռով երեք ամբաստանյալներին էլ արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազ Հ. Փարսադանյանը:

Նա պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել պարբերաբար բռնաբարվելու վերաբերյալ սուտ հաղորդումներ տված չափահաս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար, երեքին էլ դատապարտել «ազատազրկման ձևով համաչափ պատիժների»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կամ՝ արդարացման դատավճիռը բեկանել և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

աղբյուրը՝ http://www.1in.am/2145785.html